26 հոկտեմբերի 2022 - 17:05 AMT
Սյունիքում կառուցվում, նորոգվում է մոտ 230 կմ ճանապարհ

Սյունիքում 2022-ին կառուցվում, նորոգվում է մոտ 230 կիլոմետր ճանապարհ: Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմավարական նշանակության ուղիներին, նաև այն համայնքներին, որոնք երթևեկի համար միայն մեկ ճանապարհ ունեն:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ 130 կմ վրա ընթանում են շինաշխատանքներ, 50-60 կմ վրա աշխատանքն ավարտված է, կան նաև հատվածներ, որտեղ նախագծային աշխատանքներ են տարվում։

Նախարարը տեղեկացրել է, որ դեպի Շուռնուխ և Բարձրավան գնացող աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Խոտ-Որոտան հատվածում եղել են բարդություններ, սողանքից հետո փլուզումների պատճառով ժամկետը երկարաձգվել է։ Այժմ ճանապարհը խճապատվում է և հնարավոր կլինի երթևեկել, սակայն ասֆալտապատումն այս տարի չեն ավարտի։

Տեխնիկական հսկողությունը մշտապես է իրականացվում՝ երբ դրական պատասխան կա լաբորատոր փորձաքննություններից հետո։

Նաև ակտիվ փուլում է Հյուսիս-Հարավի շինարարությունը։ Սիսիան-Քաջարանի հատվածի հայտերն են ուսումնասիրվում, Քաջարանի թունելի մասով առաջարկներ կան արտասահմանյան ընկերություններից, իսկ Քաջարան-Ագարակ հատվածի համար շուտով մրցույթ կհայտարարվի։