27 հոկտեմբերի 2022 - 13:33 AMT
Ամերիաբանկն իր «Ամերիա Բիզնես» թվային հարթակում առցանց ԱՁ գրանցելու հնարավորություն է գործարկել

Թվայնացումն իր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը համարող Ամերիաբանկն իր «Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրել է ԱՁ-ն օնլայն գրանցելու հնարավորությամբ:

Գործարքների գերակշիռ մասն այսօր արդեն իրականացվում է առանց բանկ այցելելու, ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ նշելով, որ այդ ամենն իրականացվում է հենց Ամերիաբանկի թվային հարթակի շնորհիվ։

«Այս պահին Ամերիաբանկի գործարքների ընդամենը 4%-ն է իրականացվում մասնաճյուղերում։ Այսինքն, բանկին հաջողվել է գործարքների 96%-ը բեռնաթափել, հանել մասնաճյուղերից, դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային ուղիներով են արվում»,- նշեց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ այդ ցուցանիշն ինքնին վկայում է թվայնացման տեմպերի աճի մասին։

Ներկայացնելով ԱՁ-ն առցանց գրանցելու նոր ծառայությունը, Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը նշեց՝ հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել business.ameriabank.am և, առանց բանկ այցելելու անհրաժեշտության, ամբողջությամբ օնլայն և անվճար գրանցել բիզնեսը, հաշվեհամար բացել Ամերիաբանկում (ՀՀ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով), ինչպես նաև ստանալ անվճար բիզնես քարտ և մոբայլ բանկինգի ծառայություն, և այս ամենը՝ մեկ պատուհանի սկզբունքով։

«Անձնական էջ ստեղծելու քայլերը շատ պարզ են, պարզապես պետք է լրացնել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, էլ.փոստի հասցե, գաղտնաբառ սահմանել, ապա անցնել էլ/փոստին ուղարկված հղումով և ակտիվացնել գրանցումը։ Կարևոր է չշփոթել անձնական էջի գրանցումը բիզնեսի գրանցման հետ: Համակարգում ստեղծվում է հաճախորդի անձնական տիրույթը, այնուհետև նա սկսում է օգտվել այն ծառայություններից, որոնք անհրաժեշտ են»,- նշեց Արփինե Հարությունյանը։

Իր հերթին, Բանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը հավելեց՝ Ամերիաբանկի թվային հարթակում ինտեգրման նույնատիպ կանոններ կան:

«Բոլոր գործընկերներին մեկ հարթակում տրամադրվում են նույնատիպ ինտեգրման կանոններ, և ծառայություն մատուցելը համակարգում նրանց համար արդեն հասանելի է դառնում»,- ասաց նա:

Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանի խոսքով՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու բիզնեսի պահանջները, թվային օրակարգով են առաջնորդվում։ Դեռ 2018-ից սկսած, գործարարներն ընդհանրական թվային հարթակում կարող են գտնել իրենց հետաքրքրող ծառայությունները, որոնք գնալով միայն ավելանում են։

«Այս ծառայությունները դրականորեն են ազդել բանկում բիզնես հաճախորդների տարբեր ցուցանիշների վրա․ մասնավորապես, հաճախորդների թիվը վերջին 3 տարում կրկնապատկվել է, բիզնես վարկային պորտֆելն այս ընթացքում նույնպես կրկնապատկվել է, մոբայլ բանկինգի օգտատերերի թիվը 3.5 անգամ աճել է»,- ներկայացրեց տվյալները Քարամյանը՝ հավելելով, որ դրանք հաշվի առնելով՝ թվային հարթակի զարգացումը շարունակում են:

Խոսելով Ամերիաբանկի՝ տարվա սկզբից մինչ այժմ գրանցած հաջողությունների ու ցուցանիշների մասին, Արման Բարսեղյանն ասաց` տարին բավականին ակտիվ էր բիզնեսի տեսանկյունից, և այս պահի դրությամբ մանրածախ հաճախորդների բազան գերազանցում է 370,000 հաճախորդը:

«Մանրածախ ավանդների գծով տարեսկզբից մոտ 10% աճ ենք գրանցել, իսկ ավանդների գծով մոտ 20%: Հատկապես տպավորիչ են արդյունքները քարտային գործարքների գծով մոտ 70% աճ կա: Ինտերնետ-բանկինգի համակարգով իրականացվող գործարքները տարեց տարի կրկնապատկվում են: 2022-ին կանխատեսվում է մոտ 10 մլն գործարք»,- ասաց նա:

Առաջիկայում Ամերիաբանկի թվային հարթակը համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ: