27 հոկտեմբերի 2022 - 14:45 AMT
Պատգամավոր․ Ժամանակային սահմանափակումը չպետք է խոչընդոտի դելիմիտացիային և դեմարկացիային

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր չի լինի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ավարտել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ՝ խաղաղության պայմանագրի հավանական կնքումը, սահմանագծում և սահմանազատում իրականացվի։

«Ժամանակային սահմանափակումը պետք է խոչընդոտ չլինի դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, եթե ժամանակային սահմանափակում դնենք, դա ոչ մի տեղ մեզ չի հասցնի։ Գլխավորն այն է, որ մենք համաձայնենք` այդ պրոցեսը լինի շարունակական և անկաշկանդ»,– ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` կարևորն այն է, որ սեղանին լինի միջազգայնորեն ճանաչված այնպիսի փաստաթուղթ, որ կարողանան դրա շրջանակում աշխատել։

Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրատեսական լինելուն Քոչարյանը նշել է՝ շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն։ Նա հավելել է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ։ Սակայն դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն երկու փաստաթուղթ է՝ որպես մեկը մյուսին հաղորդակից խողովակ։

Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Վարչապետն ասել է, որ դա կարող է լինել իրատեսական՝ հաշվի առնելով, որ Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա տեղի է ունենալու 1991թ․ սահմանների հիման վրա։