Պուտինը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին․ Վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչներից

Պուտինը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին․ Վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչներից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո ասուլիսում ասել է, որ խաղաղության պայմանագիր ՀՀ և Ադրբեջանի միջև դեռ չկա։

«Դեռևս վաղաժամ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա փոխզիջումների առարկա է, որոնց պետք է հասնեն կողմերը միջնորդությամբ, եթե բանակցող կողմերը ցանկանան, այդ թվում՝ ՌԴ միջնորդությամբ»,- ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանզատման և սահմանագծման հարցին՝ Պուտինն ասել է, որ այդ մասին շատ է խոսվել հանդիպման ժամանակ։

«Կան որոշ նախադրյալներ, որ, ընդհանուր առմամբ, եթե ուշադիր կարդաք համատեղ հայտարարությունը, կգտնեք այնտեղ նախնական գնահատականները։ Եթե ոչ պայմանավորվածություննր, ապա գոնե այն նախադրյալները, որ այդ պայմանավորվածություններին կարելի է հասնել։ Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր մոտ առկա սովետական բանակի Գլխավոր շտաբի քարտեզները։ Մեր ընկալմամբ, դրանք ամենաճշգրիտն են։ Եվ պատրաստ ենք այդ հենքի վրա, քննարկելով կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ շփումները, այդ բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասել է ՌԴ նախագահը։

Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը մինչև 10-20 տարի երկարացնելու Փաշինյանի առաջարկի մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ հանդիպմանը խոսել են այդ մասին։

«Դրա համար համտեղ պայմանավորվածություն է հարկավոր։ Դա կախված կլինի հնարավոր խաղաղ պայմանագրի կնքումից, սահմանազատումից։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն էլ այլ կերպ կդրվի։ Եթե չեն լուծվում, կամ մասնակի են լուծվում, դրանից կախված կլինի նաև մեր խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագիրը»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ ամեն դեպքում, կողմերը երախտագիտություն են հայտնել ռուսական կողմին այն աշխատանքի համար, որն այնտեղ անցկացվում է։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---