2 նոյեմբերի 2022 - 10:52 AMT
ՀՀ-ն և Իրանը բնական գազի ոլորտում գործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև աշխատանքային այցն Իրան ավարատվել է:

Այցի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի և Իրանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի համար:

«Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք»,-ասել է Ռայիսին:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես ՀՀ և Իրանի համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:

Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:

Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան երկու երկրի հարաբերությունների զարգացման համար շրջադարձային կետ կլինի: