2 նոյեմբերի 2022 - 11:24 AMT
Վիվա-ՄՏՍ. Oրթեզների եռամյա ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների օրթեզավորումը թիրախային ծրագիր է Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համար:

Վանաձորցի Հենրիկը պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Զինվորական կրթություն ստանալու տարիներից հոգեբանորեն պատրաստ է եղել հնարավոր դժվարություններին դիմակայելու: Այդուհանդերձ, չի պատկերացրել, որ ծառայության անցնելուց հետո, ստիպված է լինելու տեսական գիտելիքները մի օր գործնականում կիրառել ռազմի դաշտում: Թեև հաղթահարած ճանապարհն ու հիշողությունները ծանր են, սակայն չի զղջացել ընտրած մասնագիտության համար:

«Հերթական մարտական առաջադրանքի ժամանակ, երբ հերթական գործողությունն էինք կատարում, զգացի, որ չեմ կարողանում ինձ տիրապետել. մեջքի վրա ընկնում եմ… ու հասկացա, որ վիրավորվել եմ: Ծառայակից ընկերներս օգնեցին, տեղափոխեցին բուժհաստատություն: Ընդհանրապես չեմ զղջացել: Ուղղակի ինձ համար դաս եղավ. շատ բաներ սովորեցի: Գիտելիքը կար, բայց փորձը չկար: Հիմա արդեն փորձն էլ կա: Հասկացա, որ շատ աշխատելու տեղ ունենք դեռ. թե՛ ներկա պահին, թե՛ ապագայում: Ու էդ պրոցեսը պետք է անընդհատ լինի, չպետք է դադարի մեր առաջխաղացումը ոչ զարգացման, ոչ տեխնոլոգիայի առումով, որ նույն իրավիճակում չհայտնվենք, մյուս կռիվն արդեն մեր օգտին լինի»,-ասել է նա:

Հենրիկը անվասայլակից օրթեզի անցնելու ճանապարհին կարևոր դիտարկումներ է արել: Յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն հերթական հաղթանակն է համարել: Ժամանակ առ ժամանակ, ֆիզիոթերապիայի այցելելուց հետո, հասել է զգալի հաջողության. վերականգնված քայլքից հետո, ձգտում է վազել: Աշխատավայրում փորձում է հաջողության հասնել, ազատ ժամանակ էլ երաժշտությամբ զբաղվել: Հուսահատությունն իր համար չէ. սիրում է նպատակներ սահմանել և հետևողական ջանքերով հասնել հաջողության:

«Սկզբնական ժամանակ շատ բարդ էր քայլելը, բայց ընթացքում, շատ պարապմունքների արդյունքում սկսեցի քայլել, սայլակից անցա փայտերով քայլելուն, հետո, երբ օրթեզը ստացա, հնարավորություններն ավելի շատացան: Օրինակ՝ ակտիվ գործունեության ժամանակ, օրթեզը կրում եմ, տարբերություն շատ չեմ զգում: Օրթեզով ստացվում է ավելի ակտիվ գործունեությամբ զբաղվել»,- ասել է Հենրիկը:

«Առանց օրթեզի՝ վազելու մասին խոսք չկա. դա շատ վտանգավոր է և տրավմատիկ: Ինչ-որ առումով՝ նաև հնարավոր չէ առանց օրթեզի: Այս օրթեզները հնարավորություն են տալիս վազել ու բարձրանալ, վերականգնում են քայլքի բիոմեխանիկան»,- ասել է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության ձեռք բերած ժամանակակից օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն են տալիս կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն բարձրացնում են նրանց կյանքի որակը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրն իրականացվում է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող, օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ և հրավիրված այլ մասնագետներ՝ ըստ ցուցման: Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: Արդյունքում գնվել է ժամանակակից 100 օրթեզ: