2 նոյեմբերի 2022 - 12:30 AMT
Կոնջորյան․ Ալիևը եկել էր Սոչի՝ չեղարկելու Պրահայի հայտարարությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում անդրադառանալով Սոչիում տեղի ունեցած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ասել է, որ Ադրբեջանը եկել էր Սոչի՝ չեղարկելու Պրահայի հայտարարությունը, մասնավորապես՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

Նա նշել է, որ Ադրբեջանին ոչ միայն չհաջողվեց տապալել Պրահայի հայտարարությունը, այլ Սոչիի հայտարարության մեջ ևս հղում կատարվեց Ալմա-Աթայի հռչակագրին։

Ըստ պատգամավորի, սա նշանակում է, որ այս հայտարարությամբ ՌԴ-ն ևս արձանագրեց, որ ընդունում է ՀՀ միջազգայնորեն ընդունված սահմանները և տարածքային ամբողջականությունն ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք և պետք է դուրս բերի զորքերն այդ հատվածից։

Նա հավելել է՝ դա նշանակում է նաև, որ սահմանազատումը ևս պետք է իրականցվի այդ փաստաթղթում նշված սահմանների համատեքստում։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։