Վարդանյան․ Մեր գործողություններով պետք է ցույց տանք՝ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել

Վարդանյան․ Մեր գործողություններով պետք է ցույց տանք՝ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով համաձայնել է ստանձնել ԱՀ պետնախարարի պաշտոնը, հայտարարել է, որ Արցախում իր թիմի նպատակներից մեկն է բոլոր գործողություններով ցույց տալ, որ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել։ Այդ մասին նա ասել է «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, որն անցել է Գանձասարում։

«ՀՀ-ն պետք է վարի իր բանակցությունները Ադրբեջանի հետ իր հարաբերությունների, սահմանազատման, միջանցնքերի մասին, բայց Արցախի ճակատագիրը որոշվում է այստեղ։ Մենք մեր բոլոր գործողություններով պետք է ցույց տանք՝ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել։ Քանի որ կա սուբյեկտ, պետք է հայտնվի նաև սուբյեկտայնություն»,-ասել է Վարդանյանը։

Նա սխալ է համարել, որ բանակցություններն անցնում են առանց Արցախի, քանի որ ՀՀ ղեկավարությունը չունի մանդատ որոշելու համար արցախցիների փոխարեն, թե ինչպես պետք է նրանք ապրեն։

Վարդանյանը շեշտել է նաև միջազգային հանրության դերը՝ «այն հումանիտար աղետի համար, որը կարող է այստեղ տեղի ունենալ, պատասխանատվությունը բոլորն են կրելու։

«Այս առումով, ռուս խաղաղապահների ներկայությունը զսպման շատ կարևոր տարր է։ Եվ եռակողմ հարաբերությունների պահպանումը Արցախում ապրող մարդկանց, նրանց անվտանգությունն ապահովողների և մեր հարևանի միջև, բանակցությունների միակ հնարավոր մոդելն է»,-ասել է նա։

Լրագրողը, նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հարցը համարում է լուծված և ելնում է նրանից, որ իր կողմից չվերահսկվող մասը ևս Ադրբեջանի տարածք է, հարցրել է ո՞րն է այստեղ փոխզիջման հնարավորությունը։

«Ես ասել եմ, իմ բանաձևն է՝ ապրել կողք-կողքի, բայց ոչ միասին։ Հուսով, եմ Ադրբեջանը խելամիտ կգտնվի, քանի որ նրան ևս նոր զոհեր պետք չեն։ Եվ հետո՝ հեշտ չի լինի բացատել աշխարհին, եթե նրանք փորձեն ռազմական ճանապարհով ոչնչացնել այստեղ ապրող հայ բնակչությանը, որն ասում է, որ ինքը Ադրբեջանի մաս չէ և երբեք չի եղել Ադրբեջանի մաս։ Ազգերի ինքնորոշման իրավունքը հակասության մեջ է մտնում տարածքային ամբողջականության հետ։

Պետք է ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շատ հարցեր է առաջացնում, քանի որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ԼՂԻՄ-ն արդեն դե-յուրե Ադրբեջանի մաս չէր կազմում։ Չնայած տրամագծորեն տարբեր դիրքորոշումներին, պետք է գտնենք այն բալանսը շոշափելու հնարավորությունը, որը թույլ կտա երկու կողմերին պահպանել խաղաղությունը»,-ասել է Վարդանյանը։

Լրագրողը հակադարձել է, թե չի հասկանում, թե տեխնիկապես ինչպես կարող է Ստեփանակերտը մխրճվել բանակցությունների մեջ կամ բանակցություններ սկսել Բաքվի հետ։

«Ադրբեջանւը չի կարող ասել, թե խնդիրը գոյություն չունի, որովհետև այստեղ 120,000 մարդ ապրում է այլ օրենքներով, այլ անձնագրերով, այլ կերպ գործող կառավարման համակարգով։ Ցանկանում են նրանք, թե ոչ, պետք է ընտրեն անձանց, ում հետ խոսելու են այն մասին, ինչ այստեղ կատարվում է»,-ասել է Վարդանյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Վարդանյանն ասել է, որ այդ կարգավիճակը որոշվում է նրանով, որ եթե նույնիսկ այն մինչև վերջ չի որոշված ըստ միջազգային իրավունքի, «ստատուս-քվոյի պահպանումը, այն է՝ Արցախը չի լինի Ադրբեջանի մաս այն ձևով, ինչպես դա պատկերացնում է ադրբեջանական ղեկավարությունը, պետք է միանշանակ տնկալվի և ընդունվի»։

«Պետք է ընդունվի նաև Ադրբեջանի ղեկավարության և ադրբեջանական ժողովրդի կողմից։ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձը, ռազմական ճանապարհով այդ հարցը որոշելու փորձը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա։ Եվ անմիջական զոհերի, և միջազգային ասպարեզում կորուստների և այն տեսակետից, որ ամեն ինչ բումերանգ է»,-ասել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ և հիմնել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---