4 նոյեմբերի 2022 - 11:23 AMT
Միրզոյանը հուսով է` հայ-թուրքական գործընթացում դրական արդյունքներ կլինեն՝ կոնկրետ քննարկումներ կան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տեղեկացրել է, որ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում:

Անդրադառնալով թուրքական նախապայմանների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ թեև գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, այնուամենայնիվ թուրքական կողմն անընդհատ կապում է այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, որ ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում:

«Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նկատի ունի սահմանի բացումը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացների համար:

«Առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են: