Կաթողիկոսը Ջերմուկում էր․ «Այն ամենը, ինչ ունենք, մեր երկիրն է, մեր հայրենիքը»

Կաթողիկոսը Ջերմուկում էր․ «Այն ամենը, ինչ ունենք, մեր երկիրն է, մեր հայրենիքը»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել էր Ջերմուկ, իր պատգամն ուղղել տեղաբնակներին, Խաղաղության մաղթանք կատարել։

«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք, մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–ասել է Հայրապետն իր պատգամում։

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում կաթողիկոսին և նրան ուղեկցող հոգևոր դասին և մարզային ու քաղաքային իշխանություններին են դիմավորել քաղաքի բնակիչները և զինվորականները։ Վեհափառ Հայրապետը սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարել է Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք է բարձրացվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Արարողության ավարտին կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ներկաներին։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունն է բերել ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։

«Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը»,-ասել է նա։

Կաթողիկոսը հիշատակել է ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում։

«Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»,-ասել է նա:

Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է բուժանձնակազմի հետ, ծանոթացել առկա դժվարություններին։ Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք է հայտնել վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվել են բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ է կատարվել տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ
---