9 նոյեմբերի 2022 - 17:14 AMT
Գյումրիում ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով քրվարույթ կա

Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հրապարակվել, որոնք վկայում էին, որ Գյումրիում գործող ֆայտոններից մեկի ձին վնասվածք ունի և այդ վիճակում շահագործվում է։