9 նոյեմբերի 2022 - 17:43 AMT
Շավարշ Քոչարյան․ Արցախի ինքնորոշումից հրաժարվելով՝ ՀՀ–ն իր վրա է վերցնում ագրեսորի պիտակը

ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասել է, որ եթե Հայաստանը կամովին հրաժարվում է Արցախի ինքնորոշումից կամ նշաձողն իջեցնում է, դա նշանակում է, որ Հայաստանն իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը։

Նա մանրամասնել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար ագրեսորի պիտակ ունենալը, գրում է Sputnik Արմենիան։

«Առաջինը` ագրեսոր պետության էթնիկ բնակչության վտարում, բռնի տեղահանումն է։ Տարածքներով պետք է ագրեսոր պետությունը հատուցի։ Լավագույն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան է, երբ նրա հաշվին բազմաթիվ պետություններ ընդլայնեցին իրենց տարածքը։ Փաստ է, որ եթե կա վնաս, որի համար պետք է փոխհատուցել գումարով կամ այլ միջոցով, դրա փոխարեն կարող են տարածք պահանջել։ Նաև՝ ռազմական հանցագործներին գտնել և դատելը` ագրեսիան նախաձեռնելու համար»,– նշել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ ագրեսոր ճանաչված պետության առջև նաև սահմանափակումներ են դրվելու ռազմական ոլորտում, ինչը նշանակում է նաև զենք գնելու սահմանափակումներ, զուգահեռ՝ երկրի ներքին կյանքի վերահսկողություն, որպեսզի որևէ դեպքում ռևանշիզմը գլուխ չբարձրացվի։

Նախկին փոխնախարարը վստահ է, որ Ադրբեջանն իր բոլոր քայլերն ուղղել է Հայաստանը որպես ագրեսոր պետություն ճանաչելու գործընթացին և փաստ է, որ այդ գործում Ադրբեջանին աջակից են ՀՀ իշխանությունները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ԱՀ իշխանությունները հավատարիմ են մնալու երկրի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։