9 նոյեմբերի 2022 - 18:27 AMT
ԿԽՄԿ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Վարդենիսի տուժած որոշ բնակավայրերի բնակիչներին

Գեղարքունիքի մարզպետարանում ընդունել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։

Ըստ Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր Խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, երախտագիտություն հայտնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրել է ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

Նա նշել է, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։

Անդրադարձ է կատարվել նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպություննեի կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։

Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։

Գեղարքունիքի մարզպետարանն էլ իր հերթին Կարմիր Խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։