Մեծամորի քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական ժամանակների եզակի շինություն

Մեծամորի քաղաքային թաղամասում բացվել է ուրարտական ժամանակների եզակի շինություն

PanARMENIAN.Net - 2022-ին Քանագեղի դամբարանադաշտում և Մեծամորում իրականացված հնագիտական հետազոտությունների արդյունքում երկու հնավայրում էլ հարուստ հնագիտական և հնամարդաբանական նյութեր են պեղվել: Դրանք հիմա գտնվում են մաքրման, ամրակայման և վերականգնման փուլում, հայտնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասել է, որ առաջին հերթին կառանձնացնի Մեծամորի քաղաքային թաղամասում բացված ուրարտական ժամանակների 9 գլանաձև, զուգահեռ սյունախարիսխներով շինությունը:

«Այն եզակի է իր կառուցվածքային առանձնահատկություններով և հնարավորություն է տալիս ավելի լուրջ մոտենալ Վանի թագավորություն – Ուրարտուի ժամանակներում այստեղ ծավալված ռազմաքաղաքական և սոցիալմշակութային գործընթացներին»,- ասել է նա՝ նշելով, որ պեղված նյութերը հիմնականում վերաբերում են մ.թ.ա. XV-VI դդ.:

Մեծամորի թիվ 23 դամբարանից 100-ից ավելի ոսկե առարկաներ է հայտնաբերվել: Դրանք պատրաստված են տեխնոլոգիական տարբեր հնարքներով (զոդում, դրվագում, հատիկանախշում, ընդելուզում, վրադրում և այլն) և վկայում են այն բարձր մասնագիտական կարողությունների մասին, որոնց տիրապետում էին մ.թ.ա. II հազ. վերջի և I հազ. սկզբի տեղի ոսկերիչ վարպետները:

2023 թ. Մեծամորում պեղման աշխատանքները կշարունակվեն և՛ քաղաքային թաղամասում, և՛ դամբարանադաշտում: Դրանք դարձյալ իրականացնելու է հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը:

Պեղումներ են իրականացվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում:

ՀՀ տարածքում ամեն տարի միջին հաշվով մոտ 40-45 մեծ ու փոքր հնագիտական արշավախմբեր են գործում: Դրանց զգալի մասը համատեղ (հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-իտալական, հայ-լեհական և այլն) միջազգային արշավախմբեր են: ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այս տարի կազմակերպել է 3 հնագիտական արշավախումբ՝ Քանագեղի դամբարանադաշտում, Մեծամոր հնավայրում և Ամբերդ ամրոցում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---