16 ապրիլի 2009 - 15:41 AMT
Հայաստանում բացվել են բռնցքամարտի նոր մարզադպրոցներ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տանում Հայաստանում բռնցքամարտը, որպես սպորտաձեւ զարգացնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում թերեւս կարեւորագույն օղակներից է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցների կամ ակումբների գործունեությունը:
Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին ՀԲՖ-ի մամլո ծառայությունից, ապրիլի 1-ից Կապանում, Գորիսում եւ Ապարանում գործում են նոր բացված բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցներ: Այս մարզադպրոցները բացվել են ՀԲՖ-ի նախաձեռնությամբ, տեղի համայնքների հետ սերտ համագորցակցության արդյունքում եւ մարզպետարանների հետ համատեղ ֆինանսավորմամբ: Կապանում, Գորիսում եւ Ապարանում իրենց աշխատանքն են սկսել Երեւանից գործուղված սպորտի վարպետներ Համլետ Մանուկյանը, Ռուբեն Խաչատրյանը եւ Արմեն Խալոյանը:
Ամբողջ մարզագույքով եւ հանդերձանքով, որը պատվիրված է Մոսկվայում, նորաստեղծ դպրոցներին ապահովելու է ՀԲՖ-ն: Նշված մարզադպրոցներում արդեն իսկ երեխաների մեծ հոսք ու հետաքրքրություն կա:
ՀԲՖ փոխնախագահ Սամվել Գասպարյանը եղել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ծանոթացել գործող մարզադպրոցների պայմաններին: Այդ տեղեկությունների հիման վրա էլ այսօր մշակվում է Հայաստանի մարզերում եւ համայնքներում բռնցքամարտի մանկապատանեկան նոր մարզադպրոցներ բացելու ծրագիրը: Ծրագրի մեջ ընդգրկված է նաեւ Արցախը: