Զբոսաշրջության ոլորտի զարգացումը Հայաստանում կնպաստի բնակչության եկամուտների ավելացմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Այդ մասին հինգշաբթի մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կառավարման ու տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Միջազգային վիճակագրական կենտրոնի կանխատեսմամբ ողջ աշխարհում ակնկալվում է զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերի անկում, 2009 թ. աճը կկազմի 0-1 տոկոս, այն դեպքում երբ 2008թ. այդ ցուցանիշը 4,4 տոկոս էր»,-ասել է նա: Նրա խոսքերով, զբոսաշրջության ոլորտի զարգացումն երկրում կնպաստի բնակչության եկամուտների աճին, աշխատատեղերի ստեղծմանը եւ ընդհանուր առմամբ ողջ տնտեսության զարգացմանը: Ապրեսյանը կարեւորել է զբոսաշրջիկների հոսքի կառուցվածքը, քանի որ 2008թ. Հայաստան այցելած 580 000 զբոսաշրջիկների ողջ ծավալի մեծ մասը կազմել են սփյուռքահայերը (100 000-150 000) եւ արտերկրում աշխատող մեր հայրենակիցները (300 000), եւ միայն 60-70 հազարը հայազգի չէին: «Համաշխարհային ճգնաժամը կարող է էապես փոխել զբոսաշրջիկների այցելության կառուցվածքը, առավել եւս, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միգրացիայի գործակալության կանխատեսումների ակնկալվում է, որ 2009թ. Հայաստան շուրջ 150 000 միգրանտ կվերադառնա ՌԴ-ից»,-ասել է նա: Հայաստանի կառավարությունը հաստատել է 2009թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 5 խմբի միջոցառումներ, որոնց ֆինանսավորման համար կպահանջվի շուրջ 200 մլն դրամ:

Ըստ այդ ծրագրի, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում նպատակային պետական ծրագրի, պետական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի եւ բնակչության համագործակցության Հայաստանում գրանցվում է զբոսաշրջիկների թվի կայուն եւ դինամիկ աճ, մասնավորապես, 2001 թվականից ի վեր զբոսաշրջիկների այցելությունների տարեկան աճը կազմում է 25 տոկոս:



Ըստ ծրագրի, 2007թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 510 հազար մարդ, 2008թ.` 558,4 հազար մարդ: Շնորհիվ զբոսաշրջության զարգացման ծրագրի իրագործման նախատեսվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 650 հազարի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---