Վարչապետ. Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիան պետք է ավարտված լինի

Վարչապետ. Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիան պետք է ավարտված լինի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, սակայն, կարևոր է, որ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

Ըստ նրա, մտավախություն կա, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվի ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

«Դրա համար ասում ենք՝ պետք է սահմանների հստակեցում լինի։ Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմաթիի հռչակագրի բովանդակությանը: Հիմա պետք է նաև հաջորդ քայլերն անենք», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ կան խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ։ Ըստ նրա, շրջանակային համաձայնագիրը ենթադրում է, որ պայմանագիրն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների ու չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։

«Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է, որ կարողանանք կնքել», - ասել է նա՝ պատասխանելով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հավանականության մասին հարցին։

Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է տեքստի հայկական տարբերակը, իր մեկնաբանությունը, իր առաջարկները, և հուսով է, որ Ադրբեջանի արձագանքը կառուցողական կլինի։

Փաշինյանը նաև կարևորել է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի կնքման դեպքում պետք է լինեն երաշխավորներ կամ երաշխավոր, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադարձությունները դա են վկայում։

«Եվ այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, եթե չլինեն, ապա տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել»,-ասել է վարչապետը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև օկուպացված Շուշիում, կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---