12 նոյեմբերի 2022 - 14:22 AMT
Միրզոյանն ու Բեշտը կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտն անդրադարձել են երկու երկրի միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

Միրզոյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է նոյեմբերի 10-ից։ Միրզոյանը Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։