16 ապրիլի 2009 - 16:24 AMT
«Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2009» մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում ապրիլի 17-20
2009թ. ապրիլի 17-20 Երեւանում կկայանա «Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2009» մասնագիտացված ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է LOGOS EXPO Center մամլո ծառայությունը:
«Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2009» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը իրավամբ ճանաչվել է որպես խոշորագույն ճյուղային մասնագիտացված ցուցահանդես` անկախ Հայաստանի պատմության մեջ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը շինանյութերի, իրերի (արտադրատեսակների) եւ կառուցվածքների արդյունավետ տեխնոլոգիաների, դրանց արտադրության համար նախատեսված առաջադեմ սարքավորումների, տեխնիկական եւ ճարտարապետական լուծումների, ինտերյերի եւ էքստերյերի դիզայնի, ինչպես նաեւ շինարարական համալիրի բնագավառում ներդրումների ներկայացումն է:
Ցուցահանդեսը տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միության, Հայաստանի շինարարների միության, Հայկական Զարգացման Գործակալության, Հայաստանի ճարտարապետների միության պաշտոնական աջակցությամբ:
«Շինարարություն եւ Վերանորոգում» ցուցահանդեսը նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը մասնակից-ընկերությունների միջեւ, բարձրացնում է նրանց հեղինակությունը, զարգացնում է բիզնեսը, տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն շինարարական շուկայի մասին: Ցուցահանդեսի աշխատանքում սպասվում է արտերկրից առաջատար շինարարական ընկերությունների մասնակցությունը, ինչը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ Հայաստանի էկոնոմիկայում միջազգային ներդրումների աճի համար: Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ (ներկայացումներ), ինչպես նաեւ կլոր սեղաններ հետեւյալ թեմաներով` «Միջավայրի դիզայն-նախագծման նպատակները եւ խնդիրները»:
Ցուցահանդեսի անցկացման վայրը` ՀՀ ք.Երեւան, Արցախի փող. 23/6 «Տուն Դեպո» շինանյութի տոնավաճառ, որը տեղակայված է երկաթգծի կայարանից 800 մ հեռավորության վրա: Շենքը իրեն տեխնիկական բնութագրով լիովին համապատասխանում է ցուցահանդեսների կազմակերպման ժամանակակից պահանջներին, ունենալով ընդհանուր մակերես ավելի քան 4000 մ.ք.: Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողություն` 2009թ. ապրիլի 20, ժ. 16.00, ցուցադրման նախատեսվող մակերեսը` ավելի քան 1000 մ.ք. , ցուցահանդեսի մասնակիցներն են` Շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ավելի քան 70 տեղական եւ արտասահմանյան շինարարական, ներդնող, խորհրդատվական, նախագծային, դիզայներական եւ այլն ընկերություններ:
«LOGOS EXPO Center» - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից եւ առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական եւ միջազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման գործում: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն իրականացնում է ժամանակակից մարկետինգային ռազմավարություն` օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային գործունեության փորձը եւ նվաճումները: Գործունեության բոլոր 9 տարիների ընթացքում LOGOS EXPO Center - ը կազմակերպել է ավելի քան 90 մասնագիտացված եւ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները: ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների, միությունների, արտասահմանյան երկրների դեսպանատների մշտական աջակցությամբ LOGOS EXPO Center ընկերությունը տարեկան անցկացնում է մինչեւ 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են մեր տնտեսության դինամիկ զարգացումը: 9 տարիների ընթացքում ցուցահանդեսների տեղական եւ օտարերկրյա մասնակիցների թիվը գերազանցել է 10000-ը, այցելուների թիվը հասել է մոտ 50000-ի, իսկ ցուցադրման ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 35000 մ.ք.: