14 նոյեմբերի 2022 - 11:30 AMT
ՌԴ ՊՆ․ ԼՂ բնակիչ է վիրավորվել Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման արդյունքում

Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Լեռնային Ղարաբաղիւ բնակիչ է վիրավորվել։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 12-ին` ժամը 15։30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը հողային աշխատանքներ էր կատարում գյուղտեխնիկայի կիրառմամբ Խրամորթ գյուղից դեպի արևելք 1․8 կմ հեռավորության վրա։ Կրակոցների արդյունքում տեղի բնակիչը թեթև վիրավորում է ստացել, տեխնիկան՝ աննշան վնասվածքներ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հգետ համատեղ քննում է տվյալ փաստը։

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ հայերին «իր քաղաքացիներ» է կոչում և միաժամանակ՝ կրակում նրանց վրա