14 նոյեմբերի 2022 - 12:13 AMT
Վարդանյան․ Աջակցելու եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աջակցություն է ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում:

«Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա:

Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ, օրեր առաջ Աստղաշենում էինք: Եղանք պատերազմից հետո հիմնված արքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Հակոբջանյանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցույց տալով իր հողի վրա ապրելու ու կյանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականությունը:

Քսան հեկտար զբաղեցնող այգին հիմնվել և մշակվում է ժամանակակից գյուղատնտեսական բոլոր ստանդարտներին համապատասխան, ապահովված է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի հետո արդեն այս այգուց առատ բերք կհավաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն հարակից համայնքերի բնակիչների համար, այլև արցախյան որակյալ արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա:

Արցախում ներդրումները շարունակվելու են: Մենք իրական հնարավորություն ունենք Արցախը դարձնելու կյանքի համար լավագույն վայրը տարածաշրջանում»,-ասվում է գրառման մեջ:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ով իր թիմն է ձևավորել, 5 հիմնական ուղղություն է նշել, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը. Արցախի սուբյեկտայնություն, անվտանգության հետ կապված հարցեր, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում, մշակութային, կրթական, սոցիալական հարցեր, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։