16 ապրիլի 2009 - 17:10 AMT
Արման Երեմյանը տեկվանդոյի առաջնությանը Իրանում նվաճել է չեմպիոնի տիտղոսը
Հայ տեկվանդոիստ Արման Երեմյանը (78 կգ ք/կ) «Արեւածագի 10 օրեր» տեկվանդոյի միջազգային առաջնությանը, որը տեղի էր ունենում ապրիլի 11-12 Իրանում, ոսկե մեդալ նվաճեց: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, չնայած, որ մեդալի է արժանացել միայն Երեմյանը, ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը հաջող ելույթ է ունեցել:
«Առաջնությանը մասնակցում էին 44 երկրների ազգային հավաքականները: Այնուամենայնիվ, Արման Երեմյանին հավասարը չկար: Հերթով հաղթանակ տանելով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կորեայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդեպ` Երեմյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց ֆրանսիացի տեկվանդոիստին: Նշանակալի է, որ կորեացու հետ մենամարտում հակառակորդի մարզիչն արդեն 3-րդ ռաունդում տատամիի վրա սրբիչ նետեց, քանի որ կորեացին ի վիճակի չէր շարունակել մենամարտը,- ասել է Ղահրամանյանը,- ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր հավաքականի ելույթից: Շատ հաջող ելույթներ ունեցան նաեւ Արամ Սահակյանը, Մաքսիմ Սահակյանը, Օջաթ Արանը եւ Լեւոն Պաչաբեջյանը»,- ավելացրել է նա:
Ղահրամանյանի խոսքով, ներկա պահին Արմանն իր քաշային կարգում 1-ին տեղն է զբաղեցնում համաշխարհային վարկանիշային սանդղակում, իսկ նրա վերջին ելույթները հաստատեցին, որ առաջիկա աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերին Դանիայում, Երեմյանն ակնհայտ ֆավորիտ է լինելու:
Ազգային հավաքականի հետ մեկտեղ Իրան էր մեկնել նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Բայց երիտասարդ տեկվանդոիստները միայն ՈՒՄՀ անցկացրեցին ու Երեւան վերադարձան ապրիլի 9-ին, քանի որ նրանց սպասվում է ԵԱ նախապատրաստական փուլը, որը տեղի կունենա մայիսի 28-31 Ստոկհոլմում: