16 նոյեմբերի 2022 - 11:31 AMT
Բլինքեն․ Հորդորել եմ Փաշինյանին պահպանել բանակցությունների տեմպը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Twitter-ի իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, ասել է, որ հորդորել է Փաշինյանին պահպանել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել եմ պահպանել բանակցությունների տեմպը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ երկրների ԱԳ նախարարների նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո», - ասվում է գրառման մեջ։

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես աջակցում է այդ ջանքերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 15-ի հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։