ԱՀ ՄԻՊ․ 2020-2022թթ․ Արցախում Ադրբեջանի կողմից 18 անձ է սպանվել

ԱՀ ՄԻՊ․ 2020-2022թթ․ Արցախում Ադրբեջանի կողմից 18 անձ է սպանվել

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտման մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ այդ ընթացքում Արցախում Ադրբեջանի կողմից 18 անձ է սպանվել։

«Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսևորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, մշակութային և կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։

-2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։

-Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):

-Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։

-Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

-Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։

-Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետևանքով մոտ 20 օր Արցախի ամբողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից և ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։

-Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր֊մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։

-Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԻՊ-ը հավելել է, որ այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները։

Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 12-ին կրակ էր բացել ԼՂ խաղաղ բնակչի ուղղությամբ Խրամորթ գյուղից ոչ հեռու և վիրավորել նրան։ ՌԴ խաղաղապահ զորակազմը հաստատել էր, որ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքից և որ վիրավորվել է գյուղաշխատանքներ կատարող խաղաղ բնակիչը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---