17 նոյեմբերի 2022 - 10:41 AMT
Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրանքներից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։

Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարը և չդիմել սադրանքների՝ վստահության մթնոլորտ ստեղծելով Հայաստանի հետ խաղաղության հիմք ստեղծելու համար, հայտնում է Պետական դեպարտամենտը։

Բլինքենը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է խաղաղության գործընթացին և կողմերին կոչ է արել պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես պայմանավորվել էին Վաշինգտոնում։

Ավելի վաղ Բլինքենը, Twitter-ի իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, ասել է, որ հորդորել է Փաշինյանին պահպանել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 15-ի հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: