17 նոյեմբերի 2022 - 15:35 AMT
ԱՄՆ Հանրապետականները մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում 218 տեղ է ստացել և մեծամասնություն ապահովել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում։

Թեև առավելությունը մեծ չէ, սակայն դա թույլ կտա հանրապետականներին արգելակել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրակարգն առաջիկա 2 տարում, գրում է BBC-ն։

Սենատում գերակայությունը պահպանել են դեմոկրատները։

Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առավելության հաստատումը տեղի է ունենում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության վերաբերյալ հայտարարության ֆոնին։

Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը ստացած ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի 88 թեկնածուից, նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տոնել 87-ը, որոնց թվում են սենատորներ Մարկո Ռուբիոն, Ալեքս Փադիլլան, Քրիս վան Հոլենը, Չակ Շումերը և այլ սենատորներ, ինչպես նաև տասնյակ կոնգրեսականներ, ներառյալ հայկական հանձնախմբի համանախագահներ և փոխհամանախագահներ Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, հայազգի կոնգրեսական Աննա Էշուն ու այլ կոնգրեսականներ: