18 նոյեմբերի 2022 - 10:25 AMT
ԶԼՄ. ՀՀ-ն պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի գործարկման համաձայնագիրը

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Այդ մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Այժմ նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը:

«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։

ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում և Բուլղարիայում, մեկական անգամ` Վրաստանում և Հայաստանում)։