Վարդանյանը՝ Ալիևին․ Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ նրա առաջադրած չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»

Վարդանյանը՝ Ալիևին․ Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ նրա առաջադրած չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ինքը չի բանակցի «մոսկովյան էմիսար» Վարդանյանի հետ՝ առաջարկելով անցնել ավելի կառուցողական տոնի։

Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր կարծիքով «լիովին համապատասխանում է Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

«Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի:

Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում է Արևելյան գործընկերության երկրների գծով հատուկ դեսպանորդ Դիրկ Շուբելը, հայտարարել է, թե չի բանակցի Լեռնային Ղարաբաղում «մոսկովյան էմիսար» (ԼՂ պետնախարար, խմբ.) Ռուբեն Վարդանյանի հետ։

«Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ուզում են այնտեղ ապրել։ Եվ այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ որոշ երկրների միջամտությունը, որոնք ես նոր թվարկեցի, կարծում եմ, այդ գործընթացն ավելի դինամիկ կլիներ։ Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ միջև՝ այսինքն այն երկրների և ինստիտուտների, որոնց Ադրբեջանը համարում է ունակ աջակցելու այդ գործում»,- ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---