Convivial Reunion. Մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ

Convivial Reunion. Մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ

PanARMENIAN.Net - Convivial Reunion 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելել են Գաֆէսճեան արվեստի կենտրոն։

2018 թվականին մեկնարկած Convivial Reunion միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարատեսակ կենտրոններ կատարած այցերի միջոցով։ Այն իր բնույթով ամբողջացնում է ARARAT-ի առանցքային արժեքները և աշխատակիցներին ներկայացնում հայկական մշակութային կարևոր նվաճումները՝ համակցվելով ջերմ շփումներով և վառ հիշողություններով։ Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` «Մեգերյան Կարպետում», գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին։

«Վերածննդի ինքնություն» խորագիրը կրող 10-րդ խորհրդանշական Convivial Reunion միջոցառումն իրականացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառման շրջանակներում Կենտրոնի մասնագետների օգնությամբ կազմվել է հատուկ թանգարանային հետագիծ, որը հանգավորվում էր միջոցառման խորագրի հետ և նախատեսում այցեր «Սասունցի Դավիթ» և «Խանջյան» սրահներ։

Երեկոն եզրափակել է Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի գլխավորությամբ ներկայացրել է Ս․Ռախմանինովի, Մոցարտի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները։

«Երևանի կոնյակի գործարանի Convivial Reunion նախագիծը աշխատակիցներին նոր ձևաչափով մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու միջոց է, որն ամեն անգամ ապահովում է անկրկնելի փորձառություն։ Երևանի կոնյակի գործարանի յուրաքանչյուր աշխատակից որպես Pernod Ricard միջազգային մեծ ընտանիքի անդամ Convivialite գաղափարի կրող է, ասել է թե՝ միմյանց հետ ջերմ ու անկեղծ պահերի կիսելու ջատագովը։ Այդ իմաստով Convivial Reunion-ը իմաստալից ժամանցի այն ձևաչափն է, որը մշակույթի և ժառանգության մեր նոր բացահայտումները վերածում է ջերմ կորպորատիվ հուշերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելության ծրագիրը որոշակի առումով հանգավորվում էր մեր այսօրվա ներաշխարհի հետ և շատ կարևոր էր թե՛ գեղագիտական, թե՛ էմոցիոնալ առումներով․ մեր պատմության ամենադժվարին էջերին հաջորդել է Վերածնունդը, որքան էլ դժվար էր Սարդարապատը, նրանից հետո միշտ հնչում է լուսեղեն Կոմիտասը։ Սա է մեր ինքնությունը, որն այլընտրանք չունի»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---