Անտարբերությունը, վախը, gort tvox-ի պիտակը և «վկայի էֆեկտը»՝ Պեմզաշենի ու ԱՄՆ հնչեղ դեպքերի պրիզմայով

Անտարբերությունը, վախը, gort tvox-ի պիտակը և «վկայի էֆեկտը»՝ Պեմզաշենի ու ԱՄՆ հնչեղ դեպքերի պրիզմայով

PanARMENIAN.Net - Պեմզաշենում ընտանիքի սպանության դեպքը հանգիստ չի տալիս մեր հասարակությանը: Նման սարսափելի ոճրագործություն Հայաստանում, թերևս, 2015-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո չի եղել: Հանրությունը շոկի մեջ է, մարդիկ վախեցած են, պատերազմից հետո առանց այդ էլ թուլացած ապահովության զգացումն էլ ավելի քայքայված է: Նման հնչեղ ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցող դեպքերը չպետք է անհետևանք անցնեն. դրանք պետք է ազդակ դառնան՝ հասարակության թերություններն ի հայտ բերելու, դրանք շտկելու և գալիք աղետները կանխելու համար, ինչպես և անում են աշխարհի մի շարք զարգացած երկրներում:

Որպես աշխարհում կոգնիտիվ դիսոնանսի պաշտոնական ներկայացուցիչ՝ այլոց անձնական կյանքին խառնվել-չխառնվելու հարցում մեր հասարակությունը նույնքան հակասական մոտեցումներ ունի, որքան այլ հարցերում. օրինակ՝ «իրանք՝ իրանց ընտանիքը, մենք ի՞նչ գործ ունենք» մոտեցումը կիրառելի է, երբ բոլոր հարևանները գիտեն, որ ընտանիքում երեխուն կամ կնոջը պարբերաբար ծեծում են, բոլորը լսում են այդ ձայները, բայց «հո քիթներս չենք խոթի էդ մարդկանց սուրբ օջախ»; միաժամանակ «բա նորություն չունե՞ք», «բա երկրորդին ե՞րբ կունենաք», «բա մարդդ ինչքա՞ն ա ստանում» և այլ նման հարցերի դեպքում լիովին նորմալ է դիտարկվում թե՛ մարդու օջախ, թե՛ անկողին, թե՛ ներքնազգեստ քիթը խոթելը:

Հենց դա է պատճառը, որ մեզ մոտ ընտանեկան բռնության՝ սարսափելի հետևանքների բերած դեպքերի բացահայտումից հետո պարզվում է, որ ամբողջ շենքը գիտեր, հարևանները ձայները լսել են, բարեկամները տեղեկացված են եղել, դպրոցի ուսուցիչները տեսել են կապտուկները, դիմացի խանութի վաճառողները լսել են մանրամասները և այլն: Բայց դա միշտ հայտնի է դառնում ուշ, երբ արդեն կամ զոհը, կամ բռնարարը չկան, հիմնականում՝ զոհը:

Պեմզաշենում ընտանեկան բռնություն չէր, բայց դեպքը տան պատերից ներս է կատարվել՝ փակ դռների հետևում, ուստի գործել է նշված առաջին սկզբունքը՝ «իրանք՝ իրանց ընտանիքը, մենք ի՞նչ գործ ունենք»: Ընդ որում, այստեղ նույնիսկ տան ֆիզիկական պատերն էական դեր չեն խաղում, դրանք միշտ կան՝ երևակայական պատեր, որոնցից ներս ամենաթողությունն ընդունելի է՝ «սուրբ օջախի» պատրվակով: Բոլորս էլ գոնե մի անգամ տեսել ենք՝ ոնց են փողոցում երեխա կամ կին ծեծում ու խառնվել ենք կամ չենք խառնվել, բայց հաստատ տեսել ենք, թե ոնց ուրիշները չեն խառնվում էլի նույն պատճառաբանությամբ: Օրինակ՝ մի քանի տարի առաջ ընկերուհուս այդ ժամանակվա բոյֆրենդը Հյուսիսային պողոտայում բոլորի աչքի առաջ օրը ցերեկով հարվածել է նրան: Մի քանի մետր այն կողմ կանգնած «կարմիր բերետավորները» հավեսով հետևում էին ինտերակտիվ շոուին, բայց չէին խառնվում, որովհետև «իրա կնիկն ա, բռատ, մենք ի՞նչ գորձ ունենք, ուրեմն մի բան արել ա, որ ծեծ ա ուտում»: Անցորդները ևս այդ կարծիքին էին:

Հիմա վերադառնանք մեր դեպքին: Այստեղ կարելի է երկար-բարակ խոսել հասարակության անտարբերության, կրթության պակասի, իրավապահների նկատմամբ վստահության բացակայության, «մատի ու մատանու» արանքը մտնել-չմտնելու մոլուցքի, gort tvox դառնալու վախերի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին, բայց փաստն այն է, որ մենք որպես հասարակություն գրեթե ոչնչով բացառիկ չենք, ունեցել ենք, ունենք կամ ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ուրիշ հասարակություններ: Հետևաբար պարզապես պետք է կիրառել նույն լուծումները, ինչ այլ հասարակություններ՝ փոքր-ինչ հայաֆիկացնելով դրանք:

Քեթրին Ջենովեզե

Տարիներ առաջ ԱՄՆ-ում ևս մարդիկ եղել են մի քիչ անտարբեր, մի քիչ ծույլ, մի քիչ կոնսերվատիվ, մի քիչ վախկոտ, մի քիչ անտեղյակ և այլն: Ու այնպես չէ, որ կոտորել են իրենց՝ ոստիկանություն դիմելու համար: Բայց ամեն ինչ փոխվեց մի ողբերգական դեպքից հետո: 1964-ի մարտի 13-ին Նյու Յորքում 28-ամյա Քեթրին Ջենովեզեն գիշերով աշխատանքից վերադառնում էր տուն, երբ նրա վրա հարձակվեց տղամարդ ու դանակով մեջքին հարվածեց: Դեպքը բազմաբնակարան շենքի տակ էր, բայց աղջկա բղավոցներին ընդամենը մի մարդ արձագանքեց, որը՝ մտածելով, որ ընտանեկան վեճ է տեղի ունենում, զուտ իր պատուհանից գոռաց, որպեսզի հանգստանան: Հարձակվողը վախեցավ, փախավ, սակայն, տեսնելով, որ ոչ մի հետևանք չկա, վերադարձավ, տասնյակ հարված հասցրեց, բռնաբարեց աղջկան ու վերջնական հեռացավ: Քեթրինին փրկել չհաջողվեց, աղջիկը մահացավ: Հետո արդեն ոստիկանները պարզեցին, որ վերջին հարվածներն ու բռնաբարությունը տեղի են ունեցել հարևաններից մեկի շեմին, այդ հարևանը տեսել է ամբողջ պրոցեսը, բայց ոստիկանությանը զանգելու փոխարեն զանգել է ընկերոջը, որն էլ խորհուրդ է տվել նրան «չխառնվել»:

Մարդասպան Ուինսթոն Մոզլի

Հանցագործին բռնեցին մի քանի օրից. զոհից ընդամենը մեկ տարի մեծ Ուինսթոն Մոզլին ուներ կին և 3 երեխա, հետո պարզվեց, որ ևս մի քանի բռնաբարություն է գործել, երկու սպանություն և տասնյակ կողոպուտներ: Բանտում գտնվելիս ևս հաջողացրել է պատանդներ վերցնել ու մի կնոջ բռնաբարել, ինչի հետևանքով նրա ցմահ ազատազրկմանը ևս 30 տարի է ավելացել: Հանցագործը մահացել է բանտում 2016-ին՝ ապրելով մինչև 81 տարեկան:

Դեպքն այնքան ռեզոնանսային էր, որ անհետևանք չանցավ: Երկու շաբաթից New York Times-ում լույս տեսավ թերթի խմբագրի՝ «37 անձ տեսել է սպանությունը, բայց չի հայտնել ոստիկանություն» խորագրով հոդվածը: Թիվը, իհարկե, չափազանցված է, ինչպես նաև պնդումը, որ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկել, այնուամենայնիվ փաստ է, որ աղջիկը կարող էր ողջ մնալ, եթե «լավ մարդիկ չլռեին վատ մարդու վատ արարքը տեսնելիս»:

Հենց այդ դեպքի հիման վրա ծնվեց «վկայի էֆեկտ» կամ «Ջենովեզեի սինդրոմ» տերմինը, որը նկարագրում է այն իրավիճակը, երբ զոհն ավելի քիչ շանսեր ունի օգնություն ստանալու, եթե իրադարձության ականատեսները շատ են: Շատերդ եք լսել այդ մասին. երբ փողոցում ինչ-որ մարդ է ընկած գետնին, որքան քիչ լինեն անցորդները, այնքան մեծ է հավանականությունը, որ ընկածին կօգնեն ու կանեն դա շուտ, իսկ անցորդների մեծ քանակի դեպքում բոլորը ենթագիտակցաբար այլոց վրա են գցում ընկածին օգնելու պատասխանատվությունը՝ մտածելով, որ առանց իրենց էլ լիքը մարդ կա, «թող նրանք էլ օգնեն»:

Բացի այս երևույթի ուսումնասիրությունից, Ջենովեզեի սպանության դեպքն իր ներդրումն ունեցավ այսօր ամբողջ աշխարհում հայտնի ու նաև մեզ մոտ կիրառվող՝ 911 փրկարարական ծառայությունների միասնական հեռախոսահամարի ստեղծման մեջ: Բանն այն է, որ սպանության վկաներից մեկը պատմել էր, որ ուզում էր զանգել ոստիկանություն, բայց չգիտեր համարը: Այդ թվերին չկար ոչ միայն միասնական հեռախոսահամար, այլև պարզապես որևէ կարճ ու հիշվող համար. Ոստիկանություն զանգելու համար պետք էր կամ մտաբերել մոտակա բաժանմունքի 10 նիշանոց համարը, կամ զանգել 0 ու խնդրել օպերատորին միացնել ձեզ ոստիկանությանը: Համաձայնեք՝ բարդ գործընթաց է, հատկապես երբ առանց այդ էլ տրամադրված չեք խառնվելու ուրիշի գործերին:

Ջենովեզեի սպանության դեպքը նորից ակտիվացրեց միասնական կարճ հեռախոսահամար ունենալու անհրաժեշտության մասին քննարկումները, և 4 տարի անց՝ 1968-ին, AT&T հեռահաղորդակցության ընկերությունը բացեց 911 գիծը: Եթե հիշում եք, առաջ հեռախոսները սկավառակային էին, և մեկերը հեշտ էր արագ հավաքել:

Մեզ մոտ հեռախոսահամարի խնդիր չկա. թե՛ ոստիկանության, թե՛ փրկարարների համարները բոլորին են ծանոթ: Ու թվում է, թե խանգարող ոչինչ չկա՝ հեռախոսներ (ու ոչ սկավառակային) բոլորն ունեն, համարները կարճ են ու հեշտ հիշվող, մնում է միայն, որ տարիներ շարունակ «իրանք, իրանց տունը, ես ինչ գործ ունեմ» մտածող և ոստիկանությանը դիմելը «գործ տալ» որակող ուղեղն ազդակ ուղարկի ձեռքին վերցնել այդ հեռախոսն ու հավաքել ոստիկանության համարը, երբ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, կա վտանգ, որ չխառնվելու որոշումը կբերի ողբերգական հետևանքների, ու գեթ աննշան շանս, որ խառնվելը կարող է կյանք փրկել։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---