Փաշինյանը Թունիսում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Փաշինյանը Թունիսում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու:

Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:

Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Մակրոնը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---