Փաշինյանը՝ ՖՄԿ նիստում․ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ՀՀ տարածքների օկուպացիան

Փաշինյանը՝ ՖՄԿ նիստում․ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ՀՀ տարածքների օկուպացիան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովում ասել է, որ Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

«Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։ Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

«Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համավարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձանագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել»,-ասել է Փաշինյանը։

Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:

Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---