Գեղարքունիքի մարզպետ. Հարկ եղած դեպքում նոր միջոցներ կներգրավվեն, որ տեղահանվածներն օր առաջ տուն վերադառնան

Գեղարքունիքի մարզպետ. Հարկ եղած դեպքում նոր միջոցներ կներգրավվեն, որ տեղահանվածներն օր առաջ տուն վերադառնան

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկել է սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթքում։ Այդ մասին մարզպետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է նաև, որ հարկ եղած դեպքում կներգրավվեն նոր միջոցներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչներն օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրել է այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռևս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։

«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավելի վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին և տվեցի համապատասխան հանձնարարականներ։

Այցից հետո նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրի Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Նշեցի, որ արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները գոհացուցիչ եմ գնահատում։ Շատ բան արվել է թեև, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռևս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում ենք օգնել տուժած ընտանիքներին։

Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, և մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։

Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ և հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում և ստանա իր լուծումը»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---