16 ապրիլի 2009 - 21:24 AMT
Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսը
Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է հայազգի անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է նկարչի 80-ամյակին եւ կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության, Հայկական մշակույթի զարգացման «Մինաս» ֆոնդի կողմից:

«Այս յուրահատուկ ցուցահանդեսը վաղուց էր նախատեսվում: 10 տարիների ընթացքում առաջին անգամ է կազմակերպվում ռետրոսպեկտիվ ցուցահանդես, որի մեջ ընդգրկվել են Մինասի ստեղծագործության բոլոր փուլերի աշխատանքները»,- հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:

Հրատարակման է պատրաստվում ցուցահանդեսում ներկայացված Մինաս Ավետիսյանի գործերի հոբելյանական անվանացանկը: Անվանացանկում ներածական հոդված է գրել եվրոպացի հայտնի արվեստաբան, Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգի անվան համալսարանի արվեստաբանության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Վիլհելմ Շլինկը:

«Հոբելյանական ցուցահանդեսի եւ անվանացուցակի նախագիծը պետական կառույցների եւ մասնավոր սեկտորի համագործակցության վառ օրինակ է»,- նշել է Սոնա Հարությունյանը:

«Հայկական մշակույթի զարգացման ֆոնդի» նախագահ Մեցցո Սահակյանը նշել է. «Այս նախագծին մասնակցելը մեզ համար մեծ պատիվ է: Մեկ տարվա ընթացքում ընթացել է ցուցահանդեսի նախապատրաստումը, մեծ աշխատանք է տարվել` պատկերների մշակում, խմբագրական աշխատանք, նկարչի աշխատանքների եւ թեմաների ընտրություն: Մեծ դեր է խաղացել «Մինաս» ֆոնդը:

«Անվանացանկը յուրահատուկ է իր բովանդակությամբ: Փորձ է արվել նորովի ներկայացնելու Մինասին, եւ հրատարակության մեջ կարելի է գտնել նրա ստեղծագործության բոլոր փուլերի աշխատանքների վերականգնումները»,- նշել է Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռի տուն-թանգարանի տնօրեն, Մինասի որդի Արման Ավետիսյանը:

Մինաս Ավետիսյանը ծնվել է Ջաջուռ գյուղում (Ախուրյանի շրջան) 1928թ. հուլիսի 20-ին գյուղացու ընտանիքում: Սովորել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում (1947-1952), Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1952-1954), Լենինգրադի Ի.Ե. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում (1952-1954), որտեղ նրա գլխավոր ուսուցիչներից էր Բ.Վ. Յոհանսոնը: 1960-ից ապրել է Երեւանում:

Ավետիսյանի հասուն գործերում` գունային առումով հակադրվող, խոշոր էքսպրեսիվ վրձնահարվածներով նկարած, նոր կյանք են ստացել ֆովիզմի սկզբունքները: Նրա ստեղծագործություններում զգալի հետք են ունեցել անդրկովկասյան միջնադարյան մշակույթի ավանդույթները:

Հաջողությամբ հանդես է եկել նաեւ որպես թատերական նկարիչ (Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությունը Ա. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1974, եւ այլն) եւ գեղանկարիչ-մոնումենտալիստ (Գյումրիում գործարանային ինտերյերների նկարազարդում, 1970-1974):
Ավետիսյանը Երեւանում 1975-ի փետրվարի 24-ին ողբերգական վախճան ունեցավ ավտովթարից: