Փաշինյանը չի ստորագրել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ նախագիծը

Փաշինյանը չի ստորագրել ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ նախագիծը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։

ՀԱՊԿ գագագթնաժողովում ունեցած ելույթում վարչապետն ասել է, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել և ինքը պատրաստ չէ ստորագրել այս փաստաթղթերը։

Փաշինյանը հավելել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ ՀՀ-ն դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974-ի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։ Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,-ասել է Փաշինյանն իր ելույթում։

Վարչապետը պատասխանել է նաև մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։

«Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։

Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը»,-ասել է նա՝ հավելելով, որ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ ՀԱՊԿ անդամները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---