Սանդիկով. ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է աբխազական երթուղին օգտագործել պարենային բեռների համար

Սանդիկով. ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է աբխազական երթուղին օգտագործել պարենային բեռների համար

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովն ասել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է Աբխազիայով անցնող տրանսպորտային երթուղին օգտագործել Հայաստանից Ռուսաստան պարենային ապրանքներն անցկացնելու համար, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա պարզաբանել է, որ հարցը քննարկվել է նոյեմբերին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ժամանակ:

«Վրաց-աբխազական սահմանը փակ է, սակայն կան միջազգային կոնվենցիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել պարենային ապրանքների հոսքը նշված երթուղով։ Եվ մենք կցանկանայինք օգտագործել աբխազական ճանապարհը, հաղորդակցության ուղիները։ Բայց դա քաղաքական կամք է պահանջում հենց Վրաստանում»,-ասել է Սանդիկովը։

Նրա խոսքով` մտածելու տեղիք է տվել, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»: Ուստի հայկական կողմը բարձրաձայնել է իր առաջարկը ռուս գործընկեր խորհրդարանականների համար, նրանք ի գիտություն են ընդունել և խոստացել մշակել այն։

Սանդիկովը նշել է, որ հարցը կքննարկվի արդեն 2023 թվականի սկզբին Մոսկվայում կայանալիք պրոֆիլային կոմիտեների հանդիպման ժամանակ։ Եթե ռուսական կողմն աջակցի այդ գաղափարին, ապա Երևանը ջանքեր կգործադրի և հարցը կքննարկի վրացի գործընկերների հետ։

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ դա հիանալի հնարավորություն կլինի Լարսի ճանապարհը բեռնաթափելու համար: Նա Ռազմավիրական ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակը որակել է որպես «բարդ և մշակման կարիք ունեցող»:

Այս համատեքստում Սանդիկովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ վավերացրել է նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը։

«Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս առցանց ռեժիմով հետևել ամբողջ լոգիստիկային և մաքսային ընթացակարգերն անցնել էլեկտրոնային ձեւաչափով, ընդ որում` բեռնատարը կարող է կանգ չառնել սահմանին»,- պարզաբանել է Սանդիկովը` հավելելով, որ նույնիսկ դա այսօր չի փրկի իրավիճակը Լարսում, որը շարունակում է Ռուսաստանի ամենածանրաբեռնված ցամաքային սահմանային անցակետերից մեկը մնալ։

Պատգամավորը նշել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով հենց այդ մաքսակետն է ընդունում ապրանքների հիմնական հոսքը, ինչը բացասաբար է անդրադառնում։

Այս հարցը սուր է դրված իշխանության բոլոր մակարդակներում։ Սանդիկովն այս կապակցությամբ հիշեցրել է, որ 2019 թվականին, նաև հայկական կողմի ջանքերի շնորհիվ, Ռուսաստանը ֆինանսական միջոցներ է ներդրել մաքսակետի ենթակառուցվածքի բարելավման համար։ Արդյունքում Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեկ օրում անցակետերը հատող 150-200 տրանսպորտային միավորից հասել է 900-ի։

Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցության գործարկմանը և Իրանի տարածքով ապրանքների դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիներին` պատգամավորը նշել է, որ ամեն ինչ հանգում է լոգիստիկային` ժամանակի, փողի, վարչական ընթացակարգերի առումով։

Սանդիկովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կատարումը և բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առաջին հերթին ուղղված է ապրանքների և ուղևորների հոսքի դիվերսիֆիկացմանը այն երկրների սահմաններով, որոնք հասկանալի պատճառներով փակ են։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը, անդրադառնալով հայկական բեռնատարների կուտակմանը Վրաստանի տարածքում, հայտնել է, որ հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---