Առաջարկ. 6 ամսով արգելել սիգի ձկնկիթի արտահանումը

Առաջարկ. 6 ամսով արգելել սիգի ձկնկիթի արտահանումը

PanARMENIAN.Net - Պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է 6 ամսով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։

Նշվում է, որ Սևանում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տ, 2021-ին՝ 5348 տ), ինչը հնարավորություն է տալիս ապահովել փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020-ին՝ 300 տոննա, 2021-ին՝ 300 տ, 2022-ին՝ 600 տ):

«Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։

Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով նախատեսվում է սահմանել ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։

 Ուշագրավ
Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը
Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով
Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա
«Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա
---