Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

PanARMENIAN.Net - Քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

2011-2018 թվականներին ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները, որոնք իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե-ն (Լևոն Երանոսյանը)։

«Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն», - ասված է հաղորդագրությունում։

Մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---