17 ապրիլի 2009 - 14:08 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն «մտահոգված է» թուրք լրագրողների ուղեւորությամբ Երեւանից ԼՂՀ
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը ճշտում է Լեռնային Ղարաբաղ այցելելու թուրք լրագրողների մտադրության մասին տեղեկատվությունը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պալուխովի, Ադրբեջանի արտգործնախարարությունը հանձնարարել է Թուրքիայում իր դեսպանությանը ճշտել, թե իրոք թուրք լրագրողները մտադիր են այցելել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ըստ Պոլուխովի, TRT-ում հերքել են ուղեւորության մասին լուրը եւ նշել են, որ իրենք Լեռնային Ղարաբաղ այցելելու առաջարկ չեն ստացել: Մի խումբ թուրք լրագրողներ, որոնք Հայաստան էին ժամանել ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ապրիլի 18-ին մեկօրյա այցով կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես իրենք լրագրողներն են հաղորդել PanARMENIAN.Net-ի թղթակցին, ուղեւորության նպատակն է ծանոթանալ ԼՂՀ-ին, որտեղ նրանցից ոչ ոք երբեւէ չի եղել: Պատվիրակության կազմում են TRT, TRT-2-ի, «Զաման» թերթը եւ մի քանի այլ առաջատար թուրքական պարբերականները ներկայացնող լրագրողներ: