17 ապրիլի 2009 - 15:37 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի պատրաստվում խարխլել թուրք-ադրբեջանական հարաբերությունները
Անկարայում ՌԴ դեսպանատունը հինգշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է օրերս թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությունները` Ռուսաստանի իբր թուրք-ադրբեջանական հարաբերությունների խարխլմանն ուղղված գործողությունների մասին:
Մի շարք թուրքական պարբերականներ հինգշաբթի հաղորդել են, որ ռուսական կողմը փորձում է անվանարկել Ադրբեջանի իշխանությունների աչքում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգովարման գործընթացը երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հայ-թուրքական բանակցությունների կապացությամբ, որ արդեն շուրջ երկու տարի է, ինչ ընթանում են Շվեյցարիայում:
«Մենք սկզբունքորեն կողմ ենք եւ աջակցում ենք քաղաքական երկխոսության առաջխաղացմանը, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ արդեն առկա խնդիրների լուծմանը փոխընդունելի հիմքի վրա: Այս համատեքստում Ռուսաստանը որպես միջազգային միջնորդ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հետեւողական քաղաքական եւ դիվանագիտական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում ակտիվ փոխգործակցությունը տարածաշրջանի երկրների հետ Կովկասում կայունության եւ համագործակցության թուրքական պլատֆորմի ստեղծման նախաձեռնության շրջանակներում»,-ասվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ «ՌԴ-ն հետեւողական արտաքին քաղաքականություն է վարում, որն ուղղված է կայունության եւ անդորրի մթնոլորտի ամրապնդմանն Անդրկովկասում, որն ուղղված է անվտանգության հաստատմանն ու տարածաշրջանը քաղաքական ու ռազմական մրցակցության ասպարեզի վերածելու կանխարգելմանը»:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը երկկողմ ռեժիմով եւ միջազգային մեխանիզմների հիման վրա կնպաստի տարաձայնությունների հաղթահարմանն ու վստահության ամրապնդմանն իր համար կենսական նշանակություն ունեցող կովկասյան տարածաշրջանում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Մինչ այդ հինգշաբթի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւանում լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ:
Թուրքիայի ու Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993թ. ի վեր:Թուրքիան մի շարք նախապայմաններ է դնում երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, պահանջելով, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից եւ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Երեւանում հայտարարում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը Երեւանում հայտարարեց լրագրողներին, որ պաշտոնական Անկարան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը: