2 դեկտեմբերի 2022 - 14:08 AMT
«Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ Երևանում

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17։00-ին, Հովհաննիսյան ինստիտուտում տեղի կունենա «Էյվա» արվեստների հիմնադրամի հրատարակած Էրիկա Դոսսի «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես-բանախոսությունը։

Այս հրատարակությամբ հայ ընթերցողն առաջին անգամ հնարավորություն ունի ոչ միայն համակարգված ծանոթանալու արևմտյան արդի և ժամանակակից արվեստի՝ թերևս խոշորագույն՝ ամերիկյան ավանդույթի հետ, այլև հարաբերելու այն Հայաստանի ու հայ արվեստի հետ։

Գիրքը հայերեն թարգմանել, ծանոթագրել և վերջադիր ուսումնասիրությամբ համալրել է Վարդան Ազատյանը, որը հանդես կգա «Քսաներորդ դարի ամերիկյան արվեստը և Հայաստանը» բանախոսությամբ։

Շնորհանդեսին տեղի կունենա գրքի նախավաճառք։

Հովհաննիսյան ինստիտուտի հասցեն է՝ Խանջյան 19, 5-րդ հարկ:

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը (Հովհաննիսյան ինստիտուտ) հիմնադրվել է 2014 թվականին՝ Երևանում: Դրա տեսլականը հումանիտար գիտությունների ոլորտում քննական հետազոտություններ իրականացնելն ու խթանելն է։ Ինստիտուտը խրախուսում է տեսական և փիլիսոփայական հետազոտություններ, նոր մեթոդների մշակում, ինչպես նաև հետազոտություններ, որոնք չեն սահմանափակվում հայագիտական թեմաներով: Այդուհանդերձ, վերջիններիս համար հայկական կամ հայաստանյան փորձառությունըհանդես է գալիս որպես աշխարհը տեսնելու դիտակետ տրամադրող դիրքավորում․ մի վայր, որտեղ հատվում են տարբեր մտայնություններ ուժառանգություններ:

Ինստիտուտի նպատակն է Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը ու քննական ներդրում ունենալ այդ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում: Ինստիտուտը աշխատում է Հայաստանի և Սփյուռքի միջև գիտական կապերի զարգացման ուղղությամբ՝ հատկապես հրատարակչական, թարգմանչական ու հետազոտական համագործակցության շրջանակներում։ Ինստիտուտը՝ հրատարակությունների, թարգմանությունների, հանրային նախաձեռնությունների, գրադարանի և արխիվի միջոցով քաջալերում է պատմագիտակից և տեսաբանական հիմնավորվածություն ունեցող հետազոտություններ, որոնք կնպաստեն հումանիտար գիտություններում նորմոտեցումների մշակմանը: Ինստիտուտը նպատակ ունի հայաստանյան հետազոտողներին տրամադրել գիտական ռեսուրսներ, ինչպես նաև սեփական հետազոտությունները՝ հրատարակություններով, գիտաժողովներում և այլ հանրային միջոցառումներում շրջանառելու հնարավորություններ:

«Էյվա» արվեստների հիմնադրամը ստեղծվել է 2012 -ին՝ նպատակ ունենալով Հայաստանում արժևորել արվեստի դերն ու նշանակությունը, նպաստել արվեստի զարգացմանը, և հայկական արվեստը ճանաչելի դարձնել արտերկրում: Հիմնադրամի ծրագրերն առաձնահատուկ են իրենց մշակութային և պատմական համատեքստով, ինչպես նաև ճանաչողական և կրթական բովանդակությամբ։ Հիմնադրամի առանձնահատկություններից է նաև սոցիալական արվեստի ճյուղի զարգացումը Հայաստանում։ Գնահատելով արվեստի անժխտելի ուժը որպես ազգային ոգեշնչման և ներուժի զարգացման աղբյուր՝ Էյվա արվեստների հիմնադրամը կյանքի է կոչում այնպիսի նախագծեր, որոնք նպաստում են արվեստի ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը։