2 դեկտեմբերի 2022 - 15:09 AMT
Ընդդիմության հայտարարությունը չի ընդունվել. ՔՊ-ում ասում են՝ չեն կարող ընդունել տեքստ, որը «պարունակում է նման ռիսկեր»

ԱԺ–ն 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չի ընդունել Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը, որն առաջարկել էր ընդդիմությունը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հայտնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը ընդդիմության հայտարարույթյան վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջարկված տեքստը ռիսկեր է պարունակում և ՔՊ խմբակցությունը, որպես ՀՀ-ի իշխանություն, չի կարող այն ընդունել։

Նա հավելել է, որ թեև նախագծի բազմաթիվ դրույթների շուրջ «Հայաստան» խմբակցության հետ հասել են փոխհամաձայնության, այնուամենայնիվ, եղել են սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ համաձայնության չեն եկել:

Հանձնաժողովի նախագահի խոսքով, այն ձևակերպումները, որոնք առաջարկված են «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծում, ոչ միայն չեն նպաստելու Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձևավորելուն, այլև կառաջացնեն հնարավոր ռիսկեր՝ Հայաստանին այդ ուղուց ետ մղելու և շեղելու:

«Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ գործողության հետևանքների, նպատակների, դրա արդյունքում ձեռքբերելիք արդյունքների և հնարավոր ռիսկերի հստակ գնահատական և վերլուծություն լինի: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության՝ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, և մենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- ասել է Աղաջանյանը:

Օրակարգում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը քննարկման ժամանակ ասել է, որ սա հարմար առիթ է հանրությանը, ռազմավարական գործընկերներին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն ունի հստակ կարմիր գծեր անվտանգային համակարգի հետ կապված, ունի հանձնառություններ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Արցախի անվտանգության հարցերում և այդ մոտեցումները ներկայացնի միջազգային հանրությանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ։