Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը

Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։

Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate» արագոնական խոտայի թեմայով, Ալեքսանդր Բորոդինի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը. այն ընդգրկում է 5 համերգ։ Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Փառատոնի բազմազան երկացանկում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին կհնչեն նաև Սերգեյ Պրոկոֆևի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Լեոնարդ Բերնսթայնի, Ֆրիդրիխ Գուլդայի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։

Խաչատրյանական փառատոնի ընթացքում, ինչպես ամեն տարի, նվագախումբը կներկայացնի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը՝ կատարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։

Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը։

Փառատոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը և այլք։ Այս տարի ևս մեր ունկնդիրներին սպասվում են երաժշտական հետաքրքիր հանդիպումներ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջորջ Փեհլիվանյանը։

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---