DigitTec EXPO ցուցահանդեսը նպաստելու է Հայաստանում ներդրումների մեծացմանը

PanARMENIAN.Net - «Կայանալիք DigiTec EXPO-ի հիմնական նպատակը Հայաստանին համաշխարհային մակարդակում դիրքավորելն է` որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, եւ ոչ միայն միջազգային ֆորումներին մասնակցելու առումով, այլ նաեւ հանրապետությունում նմանատիպ ֆորումներ կազմակերպելու համար»,- լրագրողներին հաղորդել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մամլո ասուլիսի ժամանակ` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջոցառումների տարեկան ծրագիրը: Նրա խոսքերով վերջին մի քանի տարիներին նկատվում է ֆորումի նկատմամբ հետաքրքրության աճ. ավելանում է մասնակիցների թիվը, այդ թվում նաեւ` արտասահմանյան կազմակերպությունների, որոնք շահագրգռված են ոչ միայն իրենց արտադրանքի վաճառքով, այլ նաեւ քննարկում են հնարավոր ներդրումների հարցերը: «Արդեն կա որոշակի հաջողություն, քանի որ շատ կազմակերպություններ շուկա են մտել ցուցահանդեսին մասնակցելու շնորհիվ»,- ավելացրել է Ենգիբարյանը:



Սակայն դա կայանալիք միջոցառման միակ նպատակը չէ, քանի որ ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակության բարձրացման նպատակ են հետապնդում: «Շատ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաները: Անցկացված ցուցահանդեսները թույլ են տալիս հասարակ մարդուն ծանոթանալ IT ոլորտի հետ, եւ, ինչու ոչ, կիրառել տեխնոլոգիաները կյանքում»,- ասել է նա: Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների միության կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի ցուցահանդեսին մասնակցեն ոչ միայն արհեստավարժները, այլ նաեւ դպրոցականները, ուսանողները:



Ցուցահանդեսի մյուս ուղղությունը ֆորումի կազմակերպումն է, որի շրջանակներում կառավարությունը, բիզնեսը եւ մասնավոր սեկտորը քննարկումներ կանցկացնեն` նվիրված գործնականում IT զարգացմանը եւ կիրառմանը, կլոր սեղանների, մրցույթների կազմակերպմանը, այդ թվում` Robotics մրցույթի եզրափակիչ փուլը: «2008-ի օգոստոսից, երբ կառավարության կողմից հաստատվեց բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիրը, արդյունաբերության մեջ իրական առաջընթաց է գրանցվել»,- ասել է ֆոնդի տնօրենը:



Ամենամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի կառավարության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ «Ձեռնարկությունների ինկուբատորի» հետ համատեղ` EXPO 2009, DigiTec Business ֆորումը, Robotics մրցույթի արդյունքների ամփոփումը, ինչպես նաեւ բիզնես-առաջնորդների արտահերթ հանդիպումները:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---