Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում․ Տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակելու Լաչինի միջանցքը

Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ–ի նիստում․ Տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակելու Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը:

Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին:

«Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը, և հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝

-Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ,

-Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում:

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---