17 ապրիլի 2009 - 17:36 AMT
«Ամերիաբանկ»-ի լիզինգային գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 119 %-ով
«Ամերիաբանկ»-ը ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ 119 %-ով: Այդ մասին հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բանկն այս ծառայությունը մատուցում է 2008 թ. հունիս ամսից եւ լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբ` նախատեսել էր ճկուն եւ մրցունակ պայմանների շնորիվ 2009 թ. ակտիվացնել լիզինգային գործառնությունները ֆինանսական շուկայում:

2009 թ. սկզբին բանկի լիզինգային ծառայությունների ծավալը կազմում էր ընդամենը 146 մլն դրամ, իսկ արդեն առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 320 մլն դրամ, որից 84%-ը բաժին է ընկնում շինարարական ոլորտի կազմակերպություններին, 12 %-ը` առեւտրային կազմակերպություններին, իսկ 4 %-ը` առողջապահական կազմակերպություններին:

Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա մարտի վերջին բանկի կողմից կազմակերպած լիզինգային ծառայության շնորհանդեսն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունն այս ծառայության նկատմամբ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: