17 ապրիլի 2009 - 17:52 AMT
Չեղյալ է հայտարարվել Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքը Ղրիմում
Օրերս հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը ուսումնա-մարզական հավաքի (ՈՒՄՀ) է մեկնել Ղրիմ: Իրականում տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքը, որը պետք է տեղի ունենար Ղրիմում ապրիլի 17-30, չեղյալ է հայտարարվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել պատանեկան հավաքականի մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, ներկա պահին իր սաները շարունակում են պատրաստվել Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 23-30 Երեւանում:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այո, մենք Ղրիմում ծրագրված ՈՒՄՀ ունեինք: Սակայն այնտեղ որոշ տեխնիկական խնդիրներ ծագեցին, եւ մենք չկարողացանք Ուկրաինա մեկնել: Այդ կապակցությամբ մեր ծրագրերը փոխվել են: Ներկա պահին մենք շարունակում ենք պատրաստվել ԱԱ-ին եւ մոտ ժամանակներս ՈՒՄՀ կանցկացնենք Երեւանում: Բայց նախքան ԱԱ մենք նաեւ ՈՒՄՀ ենք նախատեսում արտասահմանում: Բացի այդ, ծրագրում ենք մասնակցել որեւէ միջազգային առաջնության»,- ասել է Ալեքսանյանը: