2008-ից սկսված ծրագրով Սպիտակի երկրաշարժի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է

2008-ից սկսված ծրագրով Սպիտակի երկրաշարժի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է

PanARMENIAN.Net - Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետի գոտում 2008-ին սկիզբ առած պետական աջակցության բնակարանային ծրագիրը, որի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք, մոտենում է ավարտին։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

«Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացված վերջին ծրագրով շահառու էր ճանաչվել 5419 ընտանիք, որոնք 2008 թվականի դրությամբ հաշվառված էին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծվել է ծրագրով նախատեսված մոտ 70 մլրդ դրամի շրջանակում»,– ասել է Արզումանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունեն Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիք, որոնք նախընտրել են, որպեսզի իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակում։

«Այդ ընտանիքներին աջակցություն կտրամադրվի ծրագրով նախատեսված չափով և պայմաններով»,– ասել է նա։

Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք կորցրած բնակարանի չափով բնակարան ստանալուց հետո վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը (տարիների ընթացքում ընտանիքը համալրվել է, ապրում են ոչ թե մեկ, այլ օրինակ 3 վագոն–տնակում), նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով։

Բացառություն կկազմեն գյուղական համայնքներում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով։

Ինչ վերաբերվում է տնակային շինությունների խնդրի լուծմանը, ապա ծրագրի մեկնարկը կտրվի 2023 թվականին, կհստակեցվի ծրագրի բյուջեն և շահառուների թիվը։ Եթե օրինակ վագոն–տնակում ապրում է 10 անձ, բայց նրանցից մեկ–երկուսն ունեն առնվազն 9 քառակուսի մետր սեփականություն, ապա ծրագրի շահառու չեն դառնա։ Ծրագրի շահառու չեն դառնա նաև նրանք, ովքեր հատկապես 2019 թվականից հետո օտարել են իրենց սեփականությունը։

1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը` դարձան հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի` անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս: 34 տարի անց էլ երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիում դեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---