Հայ-թուրքական սահմանի բացումը միայն ձեռնտու է Անկարային

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Չավարտված տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են նրա`արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակվա ելույթներն ու խոսքերը: «Այս գիրքը որոշ առումով իմ հաշվետվությունն է ժամանակակից Հայաստանի պատմության առջեւ: Այժմ ես գրում եմ երկրորդ գիրքը, որն ավելի վերլուծական եւ մեմուարային բնույթ ունի: Ճիշտ է, կան բաներ, որոնց մասին չի կարելի կամ վաղ է գրելը»,- նշել է Օսկանյանը:



Նախկին նախարարը նաեւ նշեց, որ ներկա դրությամբ Հայաստանի դիրքորոշումը արտաքին քաղաքականության մի քանի հարցերում, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, պետք է շտկումների ենթարկվի: «Ես անձամբ կողմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը եւ կարծում եմ, որ այս պարագայում դրականն ավելի շատ է, քան բացասականը: Վտանգները համապատասխան օրենքների ընդունմամբ կարելի է հասցնել նվազագույնի, սակայն ինձ լրջորեն անհանգստացնում է այն, որ սկսել են հնչել իրարամերժ հայտարարություններ: Մի կողմից Թուրքիայի վարչապետը խոսում է այն մասին, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման հարաբերությունների կարգավորումն անհնար է, մյուս կողմից հայկական կողմը խոսում է բանակցություններում ինչ-որ առաջընթացի մասին: Անխոս, լավ է, որ բանակցություններն ավելի բաց են դարձել, Հայաստանի հասարակայնությունը պետք է իմանա, թե ինչի մասին են Թուրքիայի հետ բանակցությունները: Բայց չի կարելի մոռանալ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանի բացումից ավելի շատ շահում է Թուրքիան: Այդ երկիրը բազում խնդիրներ ունի` Եվրամիության հետ հարաբերություններ, քրդեր, Հայոց ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական խնդիրներ: Այնպես որ սահմանի բացումը Անկարային միայն ձեռնտու է»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---