Իսրայելյանը կպարգևատրվի 1․5 մլն դրամով, ևս 800,000 դրամ կստանա որպես Եվրոպայի չեմպիոն

Իսրայելյանը կպարգևատրվի 1․5 մլն դրամով, ևս 800,000 դրամ կստանա որպես Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Աշխարհի երիտասարդական առաջնության 2022-ի հաղթող 18-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կպարգևատրվի 1․5 մլն դրամով, ևս 800,000 դրամ պարգևատրում կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե չի գնահատվում, այլ երկրի դրոշ կբարձրացնի։

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 0 է։ Եթե այդպես է, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել էր Իսրայելյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Իսրայելյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոսքը կասի նաև մեծահասակների պայքարում։

«Այս տարիքում արդեն իսկ նշանակալի հաջողություններ եք գրանցել, բայց վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Ձեր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կամրապնդեք Ձեր տեղը նաև մեծահասակների պայքարում: Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքն ու շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»,-ասել է նա:

Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ պետական աջակցությունը մշտապես զգացել է՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները:

2022-ի արդյունքներով՝ մարզիկին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլն 600 հազար դրամ: Արդեն 2023 թվականից Էրիկ Իսրայելյանի ամսական սպորտային նպաստի չափը կկազմի 200, իսկ անվանական թոշակի չափը՝ 240,000 դրամ:

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և լուծում տալ առաջացած խնդիրներին:

Իսրայելյանը նոյեմբերին էր հաղթող ճանաչվել Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը նվաճել էր 2022 թվականի ապրիլին՝ Բուլղարիայում անցկացված մրցաշարում ճանաչվելով հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---